Հանրագիտարան

Պատմություն հայոց

«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

«Պատմություն Հայոց» աշխատությունը Մովսես Խորենացու գրած գլխավոր երկն է, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Այն իր մեջ ներառում է բազմաթիվ տեղեկություններ Հայաստանի, հարևան երկրների պատմության, պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ: Այս աշխատությունը մեծ դեր է ունեցել  հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։
 
Հեղինակի հաղորդմամբ «Պատմություն Հայոց» երկը գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացին իր աշխատության սկզբում խստորեն քննադատում է հայոց թագավորների և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք իրենց ժամանակն ու գործերը գրի չեն առել: Իր աշխատության մեջ Խորենացին ժամանակ առ ժամանակ խոսքն ուղղում է իր պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում:
 
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը։
 
«Պատմություն Հայոցը» կամ «Հայոց Պատմությունը» ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը սկսած հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5- րդ դարն ընկած ժամանակահատվածը, այն իր մեջ ներառում է նաև հին հայկական առասպելները (Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն), հեթանոսական սովորույթներ, ինչպես նաև տեղեկություններ հայերի և այլ ժողովուրդների կապի մասին:
 
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից՝
Գիրք առաջին- ընդգրկում է 32 գլուխ, կոչվում է «Հայ մեծերի ծննդաբաությունը», այս գլխում մանրամասնորեն ներկայացվում է Հայկ Նահապետի ու նրա սերունդների գործունեությունը, գրքում խոսվում է նաև Արամ, արա Գեղեցիկ նահապետների, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորների մասին։ Վերոնշյալ անձիք աչքի են ընկել իրենց քաջությամբ, հայրենասիրական, ազատասիրական ոգով, ինչպես նաև հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ:
Գիրք երկրորդ- ընդգրկում է 92 գլուխ, կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: 
Գլուխ երրորդ- ընդգրկում է 68 գլուխ, ունի «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագիրը, այն արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439թ.) ու Մեսրոպի (440թ.) վախճանը։
 
Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:
է Երկի հնագույն ընդօրինակություններից մեզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: «Պատմություն Հայոց» երկն առաջին անգամ տպագրվել է 1695 թ-ին, Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889 թ-ին՝ Խորեն Ստեփանեի փոխադրությամբ:
 
Խորենացու մասին հրատարակվել է  շուրջ 3 հզ. ուսումնասիրություն: 1991 թ-ին մեծ շուքով նշվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակը, միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: